Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Արվեստի և գրականության բարձրաստիճան սպան

Արվեստի և գրականության բարձրաստիճան սպան
31.10.2014 | 12:16

Ալեքսանդր Թոփչյանին կամ, մտերմաբար ասած, Ալիկին առաջին անգամ տեսա 1967 թե 68-ին, համալսարանում, իր գեղանի ընկերուհու` Անահիտի հետ` սպիտակ թիկնոցը սքանչելի անփութությամբ նետած ուսին, մի ձեռքին գիրք էր, մյուսը` հյուսած Անահիտի խայտանքին: Բանասիրականի միջանցքով վերուվարող ուսանող-դասախոսների հիացմունքից հյուսած ցանցն էր նրանց շուրջ, որի մեջ հայտնվեցի նաև ես ու մնացի այնտեղ մինչև օրս:
Ալիկի հետ իմ մտերմությունն սկսվեց 1973-ին` «Գարունում» նրա աշխատած ժամանակ: Շատերս միամտաբար կարծում էինք, որ համաշխարհային արվեստի և գրականության ահռելի իմացություն ունեցողը պիտի որ, մեղմ ասած, բանի տեղ չդնի ազգայինը, դրանով չբեռնավորի իր միտքը: Հետագայում, երբ շփումներ ունեցա Ալիկի հետ, ներկա եղա տարբեր մարդկանց հետ նրա զրույցներին, կարդացի նրա տարաբնույթ հոդվածները, հասկացա, որ հայ մշակույթով, պատմությամբ, ազգային ինքնության խորագիտակությամբ է ամուր այս երիտասարդ մարդու էությունը:
Երբեք չեմ մոռանա Ալեքսանդր Թոփչյանի մեկսենյականոց բնակարանը, կարծեմ Վաղարշյան փողոցում: Դռնից սկսած` հատակին, աթոռներին, սեղանին, խոհանոցում բոլոր պատերին հարմարեցրած պահարաններում գիրք ու ամսագիր էր: Այսքանը կարդա՞լ կլինի՝ ապշեցի այն ժամանակ: Ալիկի պարագայում դա արտառոց չէր:
Դեռևս 1965-ին Ալիկը թարգմանել էր Ժակ Պրևերի «Արյուն և փետուր» բանաստեղծությունների գրքույկը, ով, վստահաբար կարելի է ասել, այն ժամանակվա մտածողությունը վերափոխող հեղափոխականներից էր, նրանցից, ովքեր բացեցին պատուհանը և թարմ օդ բերեցին: Բերեցին զարմանք և հիացմունք՝ այդպիսի պոեզիա էլ կա աշխարհում: Ալիկի և ուրիշ քչերի բնագրերից կատարած ժամանակակից արտասահմանյան գրականության թարգմանական նմուշները ուսանողներիս համար նման էին գետնից քսակ գտնելուն:
Ալեքսանդր Թոփչյանը թարգմանել է ֆրանսիացի և ֆրանսագիր հեղինակների 80-ից ավելի գեղարվեստական, փիլիսոփայական, մշակութաբանական գրքեր: Մենք նշում ենք միայն գրքերի քանակը: Իսկ որևէ մեկը կարո՞ղ է հաշվել այդ գրքերից հայ ընթերցողի մտքին ու սրտին անցած գիտելիքի չափը, այն ճաշակի և իմացական փորձի բաժինը, որ եվրոպական հորիզոններից հոսել է նրա պատկերացումների մեջ: Եվ դա մեկ մարդու ջանքերի շնորհիվ: Դա դեռ թարգմանչության ասպարեզում: Բայց Ալեքսանդր Թոփչյանը գրականագետի և գրաքննադատի վճռական հայտ էր ներկայացրել դեռ էն գլխից: Այս ասպարեզում նա դրսևորեց բացառիկ կամք և հավատարմություն սեփական սկզբունքներին: Ալեքսանդր Թոփչյանը այն ժամանակ ստանձնեց, կարելի է ասել, պետականորեն չխրախուսված մի խումբ նորեկ բանաստեղծների գաղափարական առաջնորդի դերը, իսկ նրանց մեղադրում էին, այսպես ասած, ավանդական պոետական օրիենտացիայից հեռու լինելու մեջ: Նա այդ դատը պաշտպանում էր գրական համաժողովներում, մամուլի էջերում, մեծ ու փոքր հավաքներում` նմանվելով մացառուտում շարժվող մեկի, ով խորապես հավատում էր իր ընթացքին: Կյանքը ցույց տվեց Ալեքսանդր Թոփչյանի ճշմարտացիությունը: Նրա պաշտպանած չորս պոետները հետագայում դարձան հայտնի անուններ, արժանացան գրական բարձրագույն մրցանակների: Որքան ուժ ու ավյուն պահանջվեց նրանից ոմանց ապացուցելու, որ հացը հաց է, մղեղը` մղեղ:
Ալեքսանդր Թոփչյանի կյանքի 75-ամյա տարիքը լցված է եռանդով, ծրագրերով, ստեղծագործական խիզախ գործերով: Այսօր նրա գրական ինքնությունը ներառում է երեք տաղանդավոր Ալեքսանդր Թոփչյանների` գրականագետի, թարգմանչի, գրողի: Ես կավելացնեի չորրորդը` հիանալի զրուցակից, սրամիտ մարդ, գինի և հաց գնահատող ցանկալի ընկեր:
Քսան տարուց ավելի Ալեքսանդր Թոփչյան անունը տպվում է սեփական գրական ստեղծագործությունների ճակատին: Եվ դա հրաշալի է: Այդ վեպերը, պատմվածքները, էսսեները առավել հանգամանորեն բացահայտում են նրա տաղանդի խորությունը: Նա տոհմիկ մշակութային կենսագրություն և նկարագիր ունեցող անհատ է, այն մշակներից, ում ամեն օրը մի քար է Հոգևոր Հայաստանի շենքին, որպեսզի այդ շենքը բարձրանա ազգի կենսաբանական գոյության գետնից, նկատելի լինի մեզ և այլոց: Իսկ այլք, տվյալ դեպքում ֆրանսիական կառավարությունը, նկատել է իր գրականության երդվյալ բարեկամին` նրա վաստակի համար արժանացնելով «Արվեստի և գրականության սպա» կոչմանը, որը նշանակությամբ համազոր է Պատվո լեգեոնի ասպետին: Հարկ է, որ հայրենական կողմը նույնպես համարժեք գնահատանքով մեծարի:


Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ